Արտակ Զեյնալյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին

17:30, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներկայացրել Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է համագործակցության հետագա հնարավորություններին:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են նաև  Ադրբեջանի կողմից գերեվարված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի պահման պայմաններին վերաբերող հարցերը:  

Քլեր Մեյթրոն տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կարեն Ղազարյանին և առաջիկայում ևս այց կկատարեն: Նա հավելել է, որ իրենք մշտապես կապ են պահպանում Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց կառույցն ազատազրկված անձին ազատ արձակելու բանակցություններում ներգրավվելու կամ դատարանի վճիռների վրա ներգործություն ունենալու որևէ իրավասություն չունի:


© 2009 ARMENPRESS.am