Վարդենիսում հոլանդական կազմակերպության միջոցներով հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

13:20, 19 Նոյեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում մեկնարկել են բազմաբնակարան 3 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, որտեղ որպես հիմնական ներդրող է հանդես գալիս հոլանդական «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Զարոյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի նոյեմբերի 7-ից եւ կավարտվեն մեկ ամսվա ընթացքում: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 49 միլիոն 680 հազար դրամ, որից 4 միլիոնը կազմում է Վարդենիսի համայնքապետարանի համաֆինանսավորումը:«Վարդենիսն ունի բազմաբնակարան 43 շենք, որոնց հիմնական մասի տանիքները քայքայված են ու խիստ վթարային:

Մինչ այժմ համայնքապետարանի կողմից հաջողվել է հիմնանորոգել բազմաբնակարան 6 շենքի տանիք: Առավել ծայրահեղ վիճակ առաջացել էր Բանավանի բազմաբնակարան 3 շենքերում, որտեղ էլ որոշեցինք իրականացնել հիմնանորոգումները: Ջարդված ու բաց տանիքներից անձրեւի ու ձնհալի ջրերն անարգել լցվում էին բնակարաններ՝ քայքայելով նաեւ շենքերի պատերը:Այս ձեռնարկի արդյունքում 116 ընտանիք արդեն ազատվում է տարիներով անլուծելի թվացող հոգսից: Հուսով ենք, որ մոտակա տարիների ընթացքում միջոցներ կգտնենք՝ բազմաբնակարան մյուս շենքերի տանիքները հիմնանորոգելու համար»,-նշեց աշխատակազմի քարտուղարը: Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am