ՀԲ առողջապահական թիմի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը

18:28, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմի` ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի առաջընթացը, Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների հաջողությամբ շահագործման հանձնումը, ինչպես նաև հաջորդիվ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի մարզում նախատեսվող բժշկական նոր կենտրոնների նախագծման աշխատանքները:

Ընդգծվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրի կարևորությունը, առաջընթացը և առկա խնդիրները:

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը բարձր է գնահատել նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում և պատրաստակամություն  հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների համագործակցության և համակարգային ծրագրերին աջակցելու համար։

 


© 2009 ARMENPRESS.am