Հարկային բարեփոխումների փաթեթը պատրաստ է. ինչ է առաջարկում Կառավարությունը

11:25, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հրապարակել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը, որտեղ առկա են մի շարք էական կամ ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր որակել՝ շրջադարձային փոփոխություններ: Ըստ նախագծի՝ փոփոխությունների նպատակն ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյան և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականցումն է, ինչ­պես նաև միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ավելի պարզեցումը: 

Ինչ է առաջարկում Կառավարությունը ներկայացրած նախագծով. 

Կառավարությունը նախատեսում է 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռ­նար­կա­տիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել միասնական միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համա­կարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենս­գրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: 

Հարկման համա­կարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմա­նել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վար­­չա­­կան սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոն­նե­րում և տոնա­վա­ճառ­ներում առևտրական գործունեությամբ զբաղվող կազ­­­մա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով։
Ըստ ներկայացված նախագծի՝ առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն. դրամ։ Առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող  գործունեության տեսակ­ների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով։ 

Նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական, համահարթ դրույքաչափի՝ 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից այն բոլորի համար սահմանելով 23 տոկոս: այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նախատեսվում է նվազեցնել մինչև 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկ­վում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը՝ յուրաքանչյուր կողմը 5%: Նկատենք, որ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը տարածվեց նաև մասնավոր հատվածում աշխատողների վրա, և որպեսզի հասարակության սոցիալական բեռը չծանրանար՝ կառավարության նախաձեռնությամբ ժամանակավոր փոփոխություն կատարվեց օրենքում, այդպիսով նախկին 5%-5% տոկոս  համամասնության փոխարեն սահմանելով՝ 7.5%-2.5%, որտեղ 7.5 տոկոս վճարում է պետությունը, 2.5՝ գործատուն։ Այս համամասնությունը պետք է պահպանվեր այնքան ժամանակ, քանի դեռ հարկային բարեփոխումների նոր փաթեթը ուժի մեջ չի մտել։ 

Նախատեսվում է նաև 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկո­սային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս, ինչպես նաև նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուր­­­նե­րից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10 տոկոսի փոխարեն սահ­մա­նե­լով 5 տոկոս։ Շահութահարկի դրույքաչափի նվազեցման անհրաժեշտությունը հիմնավորվում է ձեռ­նարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկ­­ման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով: Հարցի էությունը կայանում է նրանում, որ ազգային տնտեության ներդրումային գրավչությունը մեծա­պես կախ­ված է ներ­դրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդե­ցություն ունի շահու­թա­հարկի դրույքաչափը: 

Ներկայացված նախագծի համաձայն՝ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի կորուստը փոխհատուցելու նպատակով առաջարկվում են հետևյալ քայլերը: 

2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրաց­նել ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքա­­չափերը: Առաջարկվում է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։ 

Նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ինպես նաև 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքա­չափը։ 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ։ 

2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի (այդ թվում ինտեր­նետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազ­մակերպ­­ման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունք­­ների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհա­նուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջա­նակ­ներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմա­նելով, որ ֆիզի­կա­կան անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտա­յին հարկը հաշ­վար­կելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կերպիչը՝ որպես հարկային գոր­ծա­կալ: 

Հարկման գործող համակարգի համեմատ ակնհայտ է, որ կառավարությունը նոր նախաձեռնությամբ միտված է պարզեցնել հարկային համակարգը և կրճատել հարկման տեսակների բազմազանությունը, ինչն իր ազդեցությունը կթողնի գործարար միջավայրի բարելավման վրա և կբարձրացնի ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը։ Նկատելի է նաև, որ կառավարության ծրագրում ամրագրվել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու միտում, ինչը, ինչպես արդեն նշվել է, համահունչ է հարկման համակարգերի փոփոխության՝ աշխարհում ընթացող փոփոխություններին։ 

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ այս փոփոխությունները կարող են առաջ բերել որոշակի սոցիալական բացասական էֆեկտ՝ կապված մի շարք ապրանքների թանկացման հետ։ Բացի այդ ներկայացվող եկամտային հարկի փոփոխությունների շոշափելի արդյունքը իրենց վրա չեն զգալու զբաղված բնակչության հիմնական մասը, քանի որ այն առավելապես ազդելու է բարձր աշխատավարձ ստացողների վրա։ Համահարթ համակարգի ամենամեծ թերությունը վերաբաշխման գործառույթի մասով անարդյունավետությունն է, որը, թերևս, պետության կարևորագույն խնդիրներից մեկն է, հակառակ դեպքում՝ հավասարաչափ հարկելով բարձր, միջին և ցածր աշխատավարձերը, շարունակվելու է խորանալ հասարակության եկամուտների բևեռացման գործընթացը: Մյուս կողմից՝ հիմնական դրական փոփոխությունը, որ ակնկալվում է համահարթ հարկման համակարգի ներդրմամբ, հարկային ստվերի կրճատումն է, ինչը կարևոր խնդիր է Հայաստանի տնտեսության համար: 

Մերի Հովսեփյան


© 2009 ARMENPRESS.am