Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

17:33, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ,  15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշմանը: 

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Հունիսի  27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:


© 2009 ARMENPRESS.am