Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի Աֆղանստանից

16:21, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերի 26-ին Աֆղանստանում՝ «Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացի զինվորականների քվեարկությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ԿԸՀ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նախագահի ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կանցկացվի նոյեմբերի 28-ին: Դրան կմասնակցեն անկախ թեկնածու, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության կողմից աջակցվող Սալոմե Զուրաբիշվիլին եւ «Ուժը միասնության մեջ Է» միավորված ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Է:

Աֆղանստանում նոյեմբերի 26-ին կբացվի երկու ընտրատեղամաս՝ Բահրամի ավիաբազայում եւ Մազարի-Շարիֆի «Մարմալ» ռազմահանգրվանում: Ֆորս-մաժորի դեպքում ընտրությունների ամսաթիվը կարող են տեղափոխել ընդհուպ մինչեւ նոյեմբերի 28: Խոսքն ավազամրրիկի, թռիչքի համար անբարենպաստ եղանակի, պայթյունի կամ ռազմական բարդ հանգամանքների մասին Է: Քվեարկությունից հետո քվեատուփերը կկնքվեն եւ կտեղափոխվեն Թբիլիսի: Աֆղանստանում ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ Զուրաբիշվիլին հավաքել Էր 398 ձայն, իսկ Վաշաձեն՝ 261 ձայն, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am