Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

10:35, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում,  նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություինց, հանդիպմանը ներկա են եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Հանդիպմանը քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմնի լավագույն մոդելին վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև Իտալիայի հակակոռուպցիոն քաղաքականության փորձին ծանոթանալու նպատակով հայաստանյան պատվիրակության ճանաչողական այցի կազմակերպման հնարավորություններին, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերով համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցերին:

Իտալացի գործընկերը հակակոռուպցիոն պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:


© 2009 ARMENPRESS.am