Ֆուտբոլի հավաքականը Ջիբրալթարում է և առաջին մարզումն է անցկացրել  

09:56, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի խաղից առաջ արդեն Ջիբրալթարում է և առաջին մարզումն է անցկացրել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Ջիբրալթար և հանգրվանել է «Ռոք հոթել» հյուրանոցում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն արդեն միացել են հավաքականին: Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նաև 14-ին, 15-ին: 

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականի նոյեմբերի 13-ի «Վիկտորիա» մարզադաշտում անցկացված թեթև մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: 

«Վիկտորիան» միակ համեմատաբար մեծ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորությամբ: Մեզ տեղեկացրին, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղացիների համար:

Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Երևանի ժամանակով 23:45-ին:  


© 2009 ARMENPRESS.am