ՊԵԿ-ը նախատեսում է «մեծ տվյալների» միջոցով  թիրախային հարկ վճարողների հայտնաբերման նոր մեխանիզմների կիրառել

18:36, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում նախատեսում է «մեծ տվյալների» (big data)  մշակման և վերլուծության հիման վրա թիրախային հարկ վճարողների հայտնաբերման նոր մեխանիզմների կիրառել և բարձրացնել ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արդյունքում հնարավոր կլինի  իրականացնել ստվերային տնտեսության վերլուծություն և փողկապակցված հարկ վճարողների հայտնաբերում` ըստ ոլորտների, հարկային  մարմին ներկայացված հաշվարկ/հաշվետվությունում արտացոլված տվյալների, երրորդ անձանցից ստացված տվյալների, մաքսային մարմինների ներկայացված տեղեկատվության համաձայն:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշեց, որ ներկայումս ՊԵԿ-ում շատ ճկուն  վերլուծական համակարգ է գործում, որն ավելի է հզորացվելու:

«Այդ համակարգը ավելի ենք հզորացնում  և ներդնելու ենք «big data» գործիքը, որը  հնարավորություն կտա ուշադրություն դարձնել միայն թիրախային հարկ վճարողների վրա: Այդ քայլն անելով՝ օպտիմալացնում ենք  պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը` ` ստուգման, գործողությունների և աշխատակիցների մասով»,- ասաց Փաշայանը:

Նրա խոսքով` դա  ընդունված մեխանիզմ է ամբողջ աշխարհում և Հայաստանը այսօր կարող է   իրեն  թույլ տալ այդ ճանապարհով գնալ:

 


© 2009 ARMENPRESS.am