Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողով

16:17, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերությունը (Invest In Network)                           ս․թ․ նոյեմբերի 14-16-ը կանցկացնեն «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային միջոցառումների շարք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության հովանու ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեձղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հիմնադրամի կողմից կազմակերպվող` պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:

Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:

Համաժողովին կներկայացվի երկրաջերմային, հողմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրեր, արևային ՖՎ ներդրումային հինգ ծրագիր, մասնավորապես Արագածոտնի մարզում գտնվող Թալին-2  տեղանքում արևային կայանի կառուցման հնարավորությունը, ինչպես նաև այդ նպատակով անցկացվելիք մրցույթի մանրամասները:

Նախատեսվում է ներկայացնել Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար ստեղծված նպաստավոր միջավայրը՝ տեղական ներդրողների և բանկերի փորձով, օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանները:

Համաժողովի երկրորդ օրը կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարները, ֆինանսական հնարավորությունները, արևային էներգիայի ներուժը:

Միջոցառման երրորդ օրը նախատեսված է այցելություն «Թալին-1» գործող արևային կայան և «Թալին-2» տարածք, ինչպես նաև «SolarOn» արևային վահանակներ արտադրող գործարան, տեղում ծանոթանալ տեղական արտադրանքին:

Համաժողովին ներկա կգտնվեն մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:  

 


© 2009 ARMENPRESS.am