Այլևս մաս չենք կազմի որևէ կոալիցիայի, որում առանց Դաշնակցության որոշումներ կընդունվեն. Արմեն Ռուստամյան

15:56, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն այլևս  մաս չի կազմի կոալիցիայի, որտեղ առանց  Դաշնակցության կարծիքը հաշվի առնելու որոշումներ կկայացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մեզ հաճախ  պատասխանատու են համարում այն հարցերի համար,  որոնց համար Դաշնակցությունն իրականում պատասխանատու չէ, քանի որ չի եղել ամբողջական իշխանություն: Եվ որպեսզի դա տեղի չունենա, մենք այլևս մաս չենք կազմի որևէ կոալիցիայի, որում առանց Դաշնակցության որոշումներ կընդունվեն: Սա մեր անցած ճանապարհի գլխավոր գնահատականն է»,-ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ իրենց նախընտրական ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի նոյեմբերի 14-ին: «Ռեյտինգային ցուցակներն են հիմնականում բարդացնում ցանկի կազմումը, որովհետև որոշման իրավունքը պատկանում և նախապատվությունը տրվում է տեղերում մեր մարմիններին, և իրենք են կողմնորոշվելու, թե ում պետք է առաջադրեն։ Կարծում եմ՝ արդեն վաղն ամբողջական կլինի ու լիարժեք կիմանաք»,- ասաց Ռուստամյանը։

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավորների պնդմանը, թե միակ ընդդիմությունն իրենք են լինելու` Ռուստամյանն ասաց, որ իրենք էլ են դուրս եկել իշխանությունից և այդ տեսանկյունից ընկալվում են ընդդիմություն: Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր քաղաքական ուղուց երբեք չի շեղվել և ունի իր ընտրազանգվածը:

 


© 2009 ARMENPRESS.am