Հայկ Մարությանը վստահեցրեց, որ ապօրինի շինությունները մեկ առ մեկ դիտարկվելու են

15:16, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կան շատ ապօրինի շինություններ, որոնք քանդման ենթակա են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ վստահեցնելով, որ նման գործողությունները շարունակական բնույթ են կրելու: «Քանդման աշխատանքներ իրականացվում են միայն համայնքին պատկանող հողի վրա: Ես արդեն զգուշացրել էի, որ ապօրինի շինարարություն չի լինելու, բայց մարդիկ կարծես թե լուրջ չեն վերաբերվում դրան: Մենք այս գիծը պահելու ենք, ես այստեղ եմ, որ մեր համայնքի շահերը պաշտպանեմ»,-ասաց նա:

Հայկ Մարությանի խոսքով՝ գործընթացն անընդհատ տեղի է ունենում և ապօրինի շինությունների հետ տեղի է ունենալու նույն բանը, ինչ Նոր Նորքի շինության դեպքում: «Եթե ձեր շինարարությունը համապատասխանում է նորմերին, մենք ամեն ինչով կանգնելու ենք ձեր կողքին, ամեն ինչ անելու ենք օրինական շինարարությունը շատացնելու ուղղությամբ, իսկ այն շինությունները, որոնք արդեն կատարվել են, մեկ առ մեկ դիտարկվելու են, դա շատ կարևոր է»,-նշեց Մարությանը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության մի մասը քանդվել է: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետեւ կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին՝ սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերեւույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ:


© 2009 ARMENPRESS.am