ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին հակակոռուպցիոն ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու համար

13:59, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները:

Պաոլա Սևերինոն նշել է, որ, 2018 թվականի հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքները հաշվի առնելով, ԵԱՀԿ-ն և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են աջակցելու ՀՀ-ին բարեփոխումների, մասնավորապես, հակակոռուպցիոն լայնածավալ միջոցառումների իրականացման հարցերում:


© 2009 ARMENPRESS.am