Ծանրամարտի հավաքականի մարզիչը կարծում է` Մարտիրոսյանը կարող է չեմպիոնական հաջողությունը կրկնել նաև Օլիմպիական խաղերում

17:05, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը վստահ է, որ Սիմոն Մարտիրոսյանը կկարողանա աշխարհի առաջնության հաջողությունը կրկնել նաև 2020 թվականի Օլիմպիական խաղերում:

«Սիմոնի` աշխարհի չեմպիոնությունը տարիների երկար աշխատանքի արդյունք է: Սպասելի արդյունք էր, քանի որ հասունացել էր այս պահը, եկել էր ժամը: Օլիմպիական խաղերի ժամանակ ուզբեկ մարզիկը հաղթեց մեզ, հիմա մենք նրան: Հիմա հաշիվը 1:1 է, պետք է առաջ շարժվել: Հույս ունեմ, որ Սիմոնը կկարողանա այս արդյունքը կրկնել արդեն Օլիմպիական խաղերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Խաչատրյանը:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ, իսկ երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 կգ բարձրացրեց, որն, ի դեպ, աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը պատվիրեց 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ: Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am