Սեւան քաղաքում շարունակվում են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները

20:45, 9 Նոյեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են մնում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, քաղաքի կրթության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը ներառում է նաեւ նախադպրոցական ոլորտը:

«Այս ոլորտում աշխատանքներն իրականացվում են` հիմք ընդունելով ծրագրի` «Նախադպրոցական կրթություն» բաժինը: Համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվում են համայնքի 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունների բյուջեների եռամսյակային, կիսամյակային եւ տարեկան բյուջեների ֆինանսական հաշվետվությունները: Վարչական կոռուպցիան նախադպրոցական հաստատություններում բացառելու համար մանկապարտեզների տնօրենները ստացել են կարգադրություն` իրենց բյուջեներում կենցաղային պարագաներ եւ գրենական պիտույքներ գնելու համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարի կողմից տրված հաջորդ հանձնարարականը վերաբերում է օրենսդրությամբ նախատեսված անկանխիկ նվիրատվության պայմանագրային եւ հաշվապահական ձեւակերպմանը, որը կապահովի գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությանը:

Սրան զուգահեռ՝ մանկապարտեզների նախասրահներում փակցվել են տեղեկատվական թերթիկներ ընդունելության կանոնների, ինչպես նաեւ համայնքային թեժ գծի վերաբերյալ»,- ներկայացրեց Արմինե Ղուկասյանը: Բացի այդ, նա տեղեկացրեց մանկապարտեզների սաների համար իրականացվող դաստիարակչական աշխատանքների մասին: «Հակակոռուպցիոն դաստիարակության ապահովման նպատակով այս օրերին մանկապարտեզներում կազմակերպվում են երեխաների տարիքային խմբերին համապատասխան հակակոռուպցիոն բնույթի դասեր, հանդեսներ, խաղեր, նկարչական մրցույթներ, որոնց նպատակը վաղ հասակից հակակոռուպցիոն մտածելակերպի եւ արժեքների ձեւավորումն է, որը ներառում է ազնվության, բարեկրթության, մարդկային հարաբերությունների ճիշտ կառուցման, բարոյական նորմերի պահպանման սկզբունքները»,- նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am