Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

18:50, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ բանկի ավագ տնտեսագետ Եվգենի Նայդովի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությանտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին՝ Բանկի աջակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին։

Եվգենի Նայդովի խնդրանքով Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական մոնիթորինգի իրականացման, թույլտվությունների ու լիցենզիաների տրման համակարգերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ներդրվող նոր մեխանիզմները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ոլորտում բնապահպանական նորմերի պահպանման, շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման ուղղությամբ կատարվող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին։

 


© 2009 ARMENPRESS.am