Սուրեն Քրմոյանի համոզմամբ՝ Հայաստանում բարեփոխումների համակատարողները պետք է լինեն քաղհասարակությունն ու Կառավարությունը

09:54, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայիս Կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ.  քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի միջոցով հնարավոր է դառնում քաղաքացիական հասարակությանը ներգրավել պետական կառավարման բարեփոխումների գործընթացում: «Քաղաքացիների կողմից Կառավարությանը տրված վստահության քվեն շոշափելի արդյունքի վերածելու և դրա հիման վրա անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համապատասխան գործիքակազմ»,- ասել է Սուրեն Քրմոյանը և հավելել, որ այդ գործիքակազմը կարող են լինել քաղհասարակության ավելի լայն ներառումը բարեփոխումներում, ինչպես նաև ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորումը:

«Դա հնարավորություն կտա ապահովել սեփականության զգացումը իրականացված բարեփոխումների նկատմամբ: Արդյունքում այդ բարեփոխումների համակատարողները կլինեն թե՛ հասարակությունը՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների, թե՛ Կառավարությունը»,- եզրափակել է արդարադատության նախարարի տեղակալը:

 

 


© 2009 ARMENPRESS.am