Կարեն Ղազարյանի նկատմամբ գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են

19:23, 6 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 6-ին ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Գանձակ (Գյանջա) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Կարեն Ղազարյանը, ում Ադրբեջանը ներկայացնում է որպես «դիվերսանտ», անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում այս տարվա հուլիսին։ Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություն իրականացնել» Ադրբեջանի տարածքում:

Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական հերթական քարոզչական գործողություն։ ՀՀ քաղաքացու գերեվարման օրից՝ հայկական կողմը  փաստել է, որ Կարեն Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Ավելին, նա ունի առողջական խնդիրներ և 2013թ.-ից  հաշվառված է  համապատասխան հաստատությունում։ Բոլոր փաստերը հայկական կողմը ներկայացրել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնպես էլ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան բյուրո։

Հատկանշական է, որ այս ամենն իրականացվում է երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու՝ պաշտոնական Բաքվից բարձրաձայնած առաջարկի ֆոնին, որով Ադրբեջանը փորձում էր միանգամից երկու խնդիր լուծել։ Նախ, Բաքուն նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ներկայանալ կառուցողական դիրքերից՝ որպես կողմ, որն, իբր, շահագրգռված է  մարդասիրական բնույթ կրող հարցերի կարգավորմամբ։ Մյուս կողմից, Բաքուն փորձում է ադրբեջանցի ռազմագերիներին փոխանակել իր մոտ պահվող գերեվարված քաղաքացիական անձանց հետ, ովքեր ադրբեջանական տարածքում հայտնվել են պատահաբար։ Գերիների այս երկու կատեգորիաները չեն կարող դիտարկվել միևնույն հարթությունում, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքը նրանց համար սահմանում է իրավական տարբեր կարգավիճակներ։

Ուստի, երբ Արցախի իշխանությունները մերժեցին ադրբեջանական առաջարկը, Բաքուն ընթացք տվեց Կարեն Ղազարյանի «գործին», որպեսզի առնվազն քարոզչական մակարդակում փորձի հավասարեցնել ՀՀ քաղաքացիական անձանց և ադրբեջանցի հանցագործների վերաբերյալ «կարգավիճակը»։ Այսպիսով, Ադրբեջանն ակնհայտորեն իրականացնում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում՝ միաժամանակ փորձում է ներկայանալ որպես հակամարտության կողմ, որը հանես է գալիս կառուցողական նախաձեռնություններով:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի տվյալներով՝  այս պահին Ադրբեջանում երեք հայ է պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, ում Ադրբեջանը ներկայացնում է որպես «դիվերսանտներ», ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գանձակի ծանր հանցագործությունների դատարանը Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Կարեն Ղազարյանի և Զավեն Կարապետյանի նկատմամբ նույնպես ներկայացվել են բավական ծանր հանցագործությունների մեղադրանքներ և, ամենայն հավանականությամբ, նրանք ևս կդատապարտվեն բավական երկար ժամկետով:

 Փոխարենը հայկական կողմում գտնվում են երեք ադրբեջանցի ռազմագերիներ։ Նրանցից երկուսը՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014թ․-ին Արցախի տարածքում։ Մեղավոր ճանաչվելով պետական սահմանի ապօրինի հատման, լրտեսության, սպանության, առևանգման, ռազմամթերք կրելու մեջ՝ նրանցից առաջինը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ երկրորդը՝ ցմահ։ Երրորդ ադրբեջանցի ռազմագերին Էլնուր Հուսեյնզադեն է, ով ձերբակալվել է 2017թ․ փետրվարի 1-ին՝ Թալիշում դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ։

Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով մանիպուլացնել միջազգային հանրությանը։ Քաղաքացիական անձանց որպես ռազմագերի ներկայացնելը, նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են, ուստի պետք է համապատասխան գնահատականի և արձագանքի արժանանան միջազգային հանրության կողմից։

Վարդուհի Հարությունյան


© 2009 ARMENPRESS.am