Իրանում փորձարկել են սեփական արտադրության հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր

17:44, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում խոշորամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկել են սեփական արտադրության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) երկու արդիականացված համակարգեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իրանական ԶԼՄ-ները:

Իրանական բանակը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) վարժական թիրախներին հարվածներ են հասցրել «Սայադ-2» հրթիռներով, որոնք համատեղելի են ՀՕՊ-ի «Թալաս» համակարգերի հետ, որոնք նախատեսված են միջին եւ մեծ բարձրություններում օդային օբյեկտների խոցման համար:

Բացի այդ, վարժանքների ժամանակ ԻՀՊԿ-ի ռազմաօդային զորամասերը պայմանական հակառակորդի օդային թիրախները ոչնչացրել են սեփական արտադրության «Հորդադ-3» զենիթահրթիռային համալիրի օգնությամբ: Վարժանքներում ցուցադրվել են նաեւ միջին հեռահարության «Մերսադ» հայրենական համակարգերը:

Զորավարժությունները տեղի են ունենում մոտավորապես 500 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Իրանի հյուսիսային, արեւմտյան, արեւելյան ու կենտրոնական շրջաններում: Դրանք սկսվել են նոյեմբերի 5-ին, այն օրը, երբ ԱՄՆ-ը մտցրեց հակաիրանական պատժամիջոցների երկրորդ, հիմնական փաթեթը, որոնք ուղղված են երկրի բանկային ու նավթային սեկտորների դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am