Ոստիկանության 2019-ի բյուջեն կկազմի 61.9 մլրդ դրամ, կշարունակվեն համակարգային բարեփոխումները

14:58, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում 2019-ին թվականին կշարունակվեն համակարգային բարեփոխումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«ՀՀ ոստիկանությունում արդեն սկիզբ է դրվել կազմակերպաիրավական և կառուցվածքային օպտիմալացման ծավալուն գործընթացին, որի նպատակը դրանց համապատասխանեցումն է արդի մարտահրավերներին: Ավարտական փուլում են գտնվում քրեական հետախուզության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների հենքի վրա քրեական ոստիկանության դեպարտամենտի ձևավորման աշխատանքները, որոնք միտված են գործառույթների անհարկի կրկնությունների բացառելուն, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող նմանատիպ գործառույթները մեկ միասնական ստորաբաժանման իրավասության հանձնելուն»,- ասաց Օսիպյանը:

Ոստիկանապետը նշեց նաև, թե ինչպիսի արդյունքներ են նախատեսում գրանցել այդ բարեփոխումների շնորհիվ:

«2019թ. նախատեսում ենք բացահայտված հանցագործությունների հայտնաբերման մակարդակի աճ, ծանր հետևանքներով ՃՏՊ-ների քանակի նվազում, ընդհանուր առմամբ հասարակական վստահության մակարդակի զգալի աճ և այլն»,- ասաց ոստիկանապետը:

Հաջորդ տարի այս և մի շարք այլ նպատակների իրագործման համար ՀՀ ոստիկանությանը պետական բյուջեից կտրվի 61.9 մլրդ դրամ:

«2019թ. պետական բյուջեով ՀՀ ոստիկանությանը հատկացվելու է 61.9 մլրդ դրամ, որից 6 ծրագրի գծով՝ 45.6 մլրդ դրամ, դրանց իրականացմանն աջակցող 4 ծրագրի գծով՝ 16.3 մլրդ դրամ: Նշված ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 21 միջոցառում»,- նշեց Վալերի Օսիպյանը:

Ոստիկանությունը 2019 թվականին նաև փոփոխություններ է նախատեսում իրեն վերաբերող մի շարք օրենքներում:


© 2009 ARMENPRESS.am