Իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն. ԱԳՆ

14:24, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:

Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,- ասել է նա: 

Միացյալ Նահանգներն Իրանի ավելի քան 700 անձանց, կազմակերպությունների, ինքնաթիռների ու նավերի ներառել են պատժամիջոցների ցուցակում: 

Մասնավորապես, ցուցակում ներառվել են Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպությունը, 70 ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում և 14 խոշորագույն բանկերը: Վաշինգտոնը մեղադրում է նրանց «ապակայունացնող գործունեությանն աջակցելու» մեջ:

Նրանք, ովքեր կհամագործակցեն այս ցուցակում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ, ևս կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Սակայն 7 երկրի համար ժամանակավոր բացառություն է արվել. այդ երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ սրանք պաշտոնական Թեհրանի դեմ հայտարարված ամենալայնամասշտաբ պատժամիջոցներն են:


© 2009 ARMENPRESS.am