Պետական բյուջեից եվրոպական ինտեգրման ուղղությամբ տրամադրվելու է 16 միլիոն եվրո

10:53, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեից նախատեսված է եվրոպական ինտեգրման ուղղությամբ տրամադրել 16 միլիոն եվրո գումար: Իրականացվելիք միջոցառումները կնպաստեն եվրաինտեգրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Բյուջեի նախկին նախագծերում եվրոպական ինտեգրման համար առանձին ծրագիր չկար: Շեշտադրվում էին իրականացվող միջոցառումների արդյունքները: Ենթադրվում է, որ դրանք, կնպաստեն եվրաինտեգրմանը: Առանձին ծրագիր չկար այս նպատակի համար: Հաջորդ տարվա բյուջեի համատեքստում  համագործակցությունը ևս տեղի է ունենալու բյուջետային աջակցության դրամաշնորհների տեսքով: Հայաստանի իշխանություններն այդ աջակցության շրջանակում հանձն են առել իրականացնել մի շարք միջոցառումներ: Դրանք մեզ ավելի կմերձեցնեն եվրոպական ընտանիքին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում եվրաինտեգրման ուղղությամբ 16 միլիոն եվրո գումար է նախատեսված»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա վստահեցրեց, որ այդ գումարը չի օգտագործվելու տվյալ միջոցառումներն իրականացնելու համար: Նախատեսվող միջոցառումների մեծ մասը առնչություն չի ունենա այդ ֆինանսական միջոցների հետ:

Նախարարի պաշտոնակատարը հաջորդ տարվա բյուջեի նախագծի առանձնահատկություններից համարեց այն, որ այն ներկայացվում է ծրագրային ձևով: Նրա կարծիքով՝ դրա հիմքում դրված է «Փողի դիմաց արժեք» սկզբունքը:


© 2009 ARMENPRESS.am