Հայաստանի և Լիբանանի պաշտպանության նախարարները ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

15:28, 2 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բեյրութի օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Ողջունելով միմյանց, երկու բարեկամ պետությունների պաշտպանության նախարարները կարճ քննարկում են անցկացրել։ 

Նոյեմբերի 2-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Դիմավորման արարողությունից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին։

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը և Յաքուբ Սարրաֆը ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական դասակի տեղակայման վայր։


© 2009 ARMENPRESS.am