Հայաստանում ներդրվող «Կլիմայական արկղ»-ը նպաստելու է կլիմայի փոփոխության վերաբերյալ երեխաների իրազեկվածության բարձրացմանը

17:00, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ  Հայաստանում ներդրվելու է «Կլիմայական արկղ» նորարական-ինտերակտիվ ուսուցողական գործիքը, որի նպատակն է բարձրացնել միջին տարիքի դպրոցականների իրազեկվածությունը կլիմայի փոփոխության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթական և իրազեկվածության բարձրացման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային կոնֆերանսի ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը նշեց, որ ծրագիրը լավագույն օրինակ է, թե ինչպես կարելի է տարբեր երկրների փորձագետների համատեղ ջանքերով ստեղծել պահանջված գործիք, որը նախատեսված է երեխաների համար:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում «Կլիմայական արկղ» արդեն օգտագործվում է և օգտագործվելու է ավելի մեծ թափով»,- ասաց Մարիասինը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը  նշեց, որ նախարարությունը նախատեսում է հանրակրթության պետական չափորոշիչի լայնածավալ բարեփոխում, որի շրջանակներում վերանայվելու են բոլոր առարկայական ծրագրերը և, համապատասխանաբար, նաև չափորոշիչները

«Վերանայման մասով նախարարության համար կարևոր սկզբունքներից մեկն է լինելու կրթությունը  կառուցել հանուն կայուն զարգացման սկզբունքի հիման վրա: Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար շատ կարևորում ենք կրթությունը և այդ իսկ պատճառով զուգահեռաբար մենք փորձում ենք այնպես կազմակերպել, որ կրթության միջոցով կարողանանք նպաստել կայուն զարգացման նպատակների իրականացմանը»,- ասաց Անափիոսյանը:

Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հուլիսին, նպատակն է բարձրացնել միջին տարիքի դպրոցականների իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մասին` տեղայնացնելով «Կլիմայական արկղ» նորարական-ինտերակտիվ ուսուցողական գործիքը:

Միջազգային ծրագրի նպատակն է` տրամադրել գիտելիքների փոխանակման և մասնագետների միջև փոխադարձ իրազեկման և ուսուցման համար հարթակ յոթ շահառու երկրներին (Հայաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Մոլդովա), օգնել մշակելու և զարգացնելու մեթոդական ուղեցույցներ «Կլիմայական արկղ» գործիքի կիրառման համար:

 


© 2009 ARMENPRESS.am