Գրականագետ Դավիթ Գասպարյանը Սոնա Վանի պոեզիան վերլուծող «Հրե վարդ»  գիրքը դրեց ընթերցողի սեղանին

17:17, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Հրե վարդ» գրքում հեղինակը վերլուծել է հայտնի ժամանակակից բանաստեղծ Սոնա Վանի ստեղծագործությունները, մատնանշել նրա դերը հայ գրականության զարգացման գործում: Գիրքը լույս է տեսել «21-րդ դար: Հայ գրողներ»  մատենաշարով, որը գրականագետի նախորդ` «20-րդ դար: Հայ գրողներ»   մատենաշարի շարունակությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային գրադարանում:

«Ըստ իս` Սոնա Վանի ստեղծագործության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գրողը շատ արդիական հայացք ունի, ինտելեկտուալ  է, շատ խորքից է նայում, դիտարկում  երևույթները: Այսօր բանաստեղծները շատ են, բայց քչերին է հաջողվում թափանցել մարդու հոգու խորքը: «Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե խոսքի մեծությամբ, այլ նշանի ահագնությամբ, որ սերունդներ է գերում».  Չարենցի խոսքերն են»,- մեջբերեց Գասպարյանը:

Նա ընդգծեց, որ Սոնա Վանին տեսնում է շատ կարևոր մի հանգույցում` Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ:

Խոսելով վերնագրի մասին` հեղինակն ասաց, որ «Հրե վարդը» ճանապարհին աճած վարդն է, հենց մոտենում ես, ձեռքերդ այրում է, բայց պետք է ուժ ունենաս, որ գրկես այն ու շունչ քաշես:

Սոնա Վանը խոստովանեց`համեստաբար և մեծամտաբար ուրախ է, որ  Դավիթ Գասպարյանն անդրադարձել է իր պոեզիայի ֆենոմենին: «Դա մեծ բան է, և ես շնորհակալ եմ նրան: Գուցե շնորհակալությունը ճիշտ բառ չէ: Եթե պոեզիան արժանացել է  գրականագետի ուշադրությանը, ուրեմն այն երկխոսության ցանկություն է առաջացրել, որովհետև ամեն գրականություն երկխոսություն է, այսինքն՝ գրականագետը ցանկացել է լինել իմ աշխարհում, զրուցել իմ հերոսների հետ, տեսնել ինձ, որովհետև պոեզիան նաև բանաստեղծի հոգեբանական մերկացման  գործընթաց է»,- նշեց Սոնա Վանը:

Նրա խոսքով` Գասպարյանի գրի միջոցով  բացահայտել է իրեն: «Ինձ միշտ թվացել է, թե իմ ինտուիցիան է արագ, ոչ թե իմ միտքը: Դավիթ Գասպարյանի հայացքով՝ իմ միտքը  և ինտուիցիան հավասարապես արագ են: Գիրքը կարդացել եմ հասկանալու, թե այն գրականագետը, որը ծանոթ է մեր լավագույն պոեզիայի թռիչքներին, ինչպես է գնահատում իմ թռիչքն այդ երամի մեջ, և ես տեսնում եմ, որ բարձր է գնահատել»,-ասաց բանաստեղծը:

Դավիթ Գասպարյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Սոնա Վանը 1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1978 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։ Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ Քնարախոհական բանաստեղծությունների հեղինակ է:

 Նրա ժողովածուներն են` «Լույսի ծվեններ»,  «Ես անուն չունեմ»,  «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը» և այլն:  Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն,  հունարեն և այլ լեզուներով: Սոնա Վանն արժանացել է ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունների ոսկե մեդալների:

 


© 2009 ARMENPRESS.am