Ավստրալահայ ևս մեկ ընտանիք Հայաստանում է. հայաստանյան ներքաղաքական զարգացումները վճռական եղան տեղափոխվելու որոշումը կայացնելու հարցում

09:47, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմեթլյանների ընտանիքը մինչև 2018 թվականի հունիսը բնակվում էր Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Ալիս և Րաֆֆի Քիմեթլյաններն ունեն երեք երեխա: Ալիսը մինչ ամուսնությունը բնակվում էր Հայաստանում, ամուսնությունից հետո Րաֆֆիի հետ ապրում էր Ավստրալիայում: Րաֆֆին, ով մեծացել է Ավստրալիայում, միշտ մտքում ունեցել է Հայաստան տեղափոխվելու մասին գաղափարը:

«Ցանկություն կար, բայց տեղաշարժ չկար: Փոքր բալիկների հետ դժվար էր, ի վերջո այլ տեղ տեղափոխվելը, մանավանդ, որ Ավստրալիայում հարմարվել էի: Այդ իսկ պատճառով Հայաստան վերադառնալու միտքը քննարկում էինք, սակայն գործնական քայլեր չէինք ձեռնարկում»,- «Արմենպրես» -ի հետ զրույցում պատմեց Ալիս Քիմեթլյանը:  

Րաֆֆի Քիմեթլյանը Ավստրալիայում ոսկերչությամբ է զբաղվել, այնտեղ ուներ իր խանութը: Ինչպես Ալիսն է բնորոշում, ոչ մի խնդիր չկար, սովորական ապրում էին, սակայն Հայաստան տեղափոխվելու միտքը հանգիստ չէր տալիս:

«Ամուսինս մինչ այդ էլ Հայաստանում եղել է, և նա միշտ Հայրենիքի կարոտ էր: Հայաստանի հող, ջուր, հայերեն խոսք, այս ամենը իրեն կանչում էր: Թեպետ երեխաներն այնտեղ ուսումնական կենտրոններ էին հաճախում, ունեին իրենց շրջապատը, ես էլ աշխատանքի է տեղավորվել, աշխատում էի մանկապարտեզում, բայց որոշեցինք գալ Հայաստան»,-ասաց Ալիսն՝ ընդգծելով, որ այդ քայլն արագացրեցին հայաստանյան ներքաղաքական զարգացումները: Ալիսը պատմում է, որ Հայաստանի իրական դժվարությունների մասին խոսել է ամուսնու հետ, սակայն որոշումը կայացված էր, Րաֆֆին իրեն լավ է զգում Հայաստանում: 2018 թվականի հունիսին Քիմեթլյանների ընտանիքն արդեն Հայաստանում էր:

Ընտանիքը տեղավորվել է Ջրվեժում: Տարբեր հարցերի հետ կապված տեղեկացվելու գործում բավական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի նախարարությունը: Ներկայում երկու դպրոցահասակ երեխաները տեղավորվել են մոտակա ուսումնական հաստատությունում:

«Սկզբում մտածում էինք ինչ դպրոց ընտրենք, որ լավը լինի, սակայն հասկացանք, որ դրա կարիքը չկա: Մենք ընտրել ենք մեր տան մոտ գտնվող սովորական դպրոց և շատ գոհ ենք: Երեխաներն իրենց լավ են զգում, հեշտությամբ հարմարվել են, ուսուցիչները բավական ուշադրություն են դարձնում երեխաներին»,-ասաց նա:

Ալիսը ներկայում աշխատանք է փնտրում օտար լեզուների, մասնավորապես, անգլերենի գծով: Ամուսինն էլ շուկայի հնարավորություններն է ուսումնասիրում սեփական գործ սկսելու համար:

«Երբ դրսում ես բնակվում, այն ժամանակ ես Հասկանում, որ Հայաստանն ուրիշ է: Գալով այստեղ՝ մարդկանց շրջանում հույս, ոգևորություն ես տեսնում: Այն ընտանիքները, ովքեր մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին, խորհուրդ կտամ անպայման դա անել: Հավատացեք, կյանքն այստեղ այլ է: Մենք պետք է այնպես անենք, որ մեր երեխաները հայկական շրջապատում մեծանան»,-հավելեց Ալիս Քիմեթլյանը: Նա նկատեց, որ Սփյուռքում բազմաթիվ հարուստ հայեր կան, ովքեր օտար երկրներում են մեծ ներդրումներ կատարում: Ըստ նրա՝ ցանկալի կլիներ ներդրումների մի հատվածն արվեր Հայաստանում՝ երկիրը հզորացնելու, տնտեսության զարգացմանը նպաստելու համար: 

Աննա Գզիրյան

 


© 2009 ARMENPRESS.am