Դաշնակահար Յուրի Հայրապետյանի 85-ամյակը կնշանավորվի միջազգային երաժշտական փառատոնով
12:15, 29 Հոկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ականավոր դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանի 85-ամյակի կապակցությամբ միջազգային երաժշտական փառատոն կանցկացվի: «Յուրի Հայրապետյան 85» փառատոնը կյանքի կկոչվի նոյեմբերի 3-7-ը Երևանի տարբեր համերգասրահներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական միջոցառումների շրջանակում սպասվում են սիմֆոնիկ և կամերային համերգներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից Հայաստան ժամանած նշանավոր երաժիշտների մասնակցությամբ, վարպետության դասեր, որոնք կվարի անձամբ Յուրի Հայրապետյանը, երաժշտագիտական սեմինար, ունկնդրումներ և այլն:
Նախագծի հատուկ հյուրն է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ ելույթ կունենա փառատոնի փակման հանդիսավոր համերգին: Այն տեղի կունենա նոյեմբերի 6-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ Մշակույթի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։
© 2009 ARMENPRESS.am