Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը նոր գլխամասային գրասենյակ ունի

18:27, 28 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում հանդիսավորապես բացվեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը և Հայաստանում գիտության դերի բարձրացումը մեզ համար առաջնահերթություն են: Մեր ռազմավարական մոտեցումն է, որ տնտեսության բոլոր ճյուղերում տեխնոլոգիաների ներդրումը և թվայնացումը խթանվեն»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլորին այս իրադարձության կապակցությամբ՝ նշելով, որ սա գիտության և տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիների ընթացքում կարևոր մեկնարկներից մեկն է:

Բացման պաշտոնական մասին հաջորդեց ծառատունկ: Այնուհետև ներկաները շրջեցին FAST-ի գլխամասային գրասենյակում:

FAST-ի գլխամասասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը կհաջորդի «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF), որը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային պատկերասրահում:

 


© 2009 ARMENPRESS.am