«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ծաղրանքով է պատասխանել ՀՖՖ հորդորին

16:36, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ծաղրանքով է պատասխանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի` ՀՀ լեզվի մասին օրենքը չխախտելու հորդորին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ» ակումբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ի պատասխան Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հայրարատությանը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ ,հայտնում ենք, որ Փյունիկ ֆուտբոլային ակումբի 2-րդ լեզուն նաև փյունիկերենն է, այսուհետ մենք մեր ասուլիսներն անցնակցնելու ենք նաև Փյունիկերեն լեզվով, քանի որ մեր ակումբի ներքին կանոնադրությունը պահանջում է, որպեսզի հայերենին զուգահեռ օգտագործվի նաև մեր երկրորդ պետական լեզուն»:

Նախօրեին ՀՖՖ հորդորել էր. «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»:  


© 2009 ARMENPRESS.am