Կայացել է «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը

14:46, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար միայն անհատի գործողությունները որոշիչ դեր ունենալ չեն կարող, պետք է սկսենք համակարգային փոփոխություններ: Նման համոզմունք ունեն «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության հիմնադիրները, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադիր համագումարի ժամանակ ներկայացվեց «Արժանապատիվ Հայաստան»-ի կանոնադրությունը, ծրագիրը, ծրագրային դրույթները:

«Մեր թիմը հավաքվեց և մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք բոլոր քաղաքական գործընթացներին: Մեր երկրում փոփոխություններ իրականացնելու համար միայն անհատի գործողությունները որոշիչ դեր ունենալ չեն կարող. պետք է սկսենք համակարգային փոփոխություններ»,- նշեց «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մարինա Խաչատրյանը:

Համագումարի ընթացքում որոշում կայացվեց հիմնել կոլեգիալ ղեկավարման կուսակցություն, որը չի ունենալու նախագահ: Որոշումները կայացվելու են կոլեգիալ սկզբունքով: Համակարգող կառույցը կունենա նախագահ, ով յուրաքանչյուր տարի ռոտացիոն սկզբունքով կվերընտրվի և միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք չի ունենա: Կուսակցությունը կունենա նաև վերահսկող կառույց, որը կվերահսկի կուսակցության ֆինանսական մուտքերն ու ելքերը, տարբեր անդամների կողմից ներկայացված ծրագրերը, կատարման որակն ու ժամկետները:

Կուսակցության ներսում ստեղծվելու են մասնագիտական կառույցներ: Երիտասարդական կառույց կհիմնվի, որտեղ հիմնականում ներգրավված կլինեն երիտասարդները:

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն է, որը որդեգրում և առաջնորդվում է ազգային միասնականության, Հայրենիքի տարածքային և ժողովրդագրական մեծացման, Հայաստանի Հանրապետությունը ողջ աշխարհում որպես առաջատար և զարգացած պետություն դարձնելու գաղափարներով։


© 2009 ARMENPRESS.am