Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

22:10, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումներից  հետո հանձնաժողովն ընդունել է  Հայաստանի  ժողովրդի՝  երկրում  խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու  որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում, որը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջում:

«Ընդունում ենք Հայաստանում ստեղծված  յուրահատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերանայել  Ընտրական օրենսգիրքը՝ համապատասխան միջազգային չափանիշներին»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:

Ողջունվում են այն քայլերը, որոնք ուղղված են քվեարկության իրավունքի իրականացմանն, ինչպես նաև դիտորդների իրավունքների  բարելավմանը,  մամուլի հասանելիության ընդլայնմանը և, ընդհանրապես, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը,  ընտրակեղծիքների դեմ պայքարին:

«Ողջունում ենք ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացումը` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առանցքային առաջարկի»,- նշվում է հայտարարությունում:

Ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես `

- Ընտրական  շեմերի և ընտրական գրավի վերադարձման շեմերի նվազեցումը և ընտրական գրավի կրճատումը:

- Դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետների կրճատումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների կանխարգելումը,  օրինակ` դրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը:

- Երաշխավորում է զինվորականների ազատ քվեարկության երաշխիքի ապահովումը:

Հայտարարության մեջ նաև վերահաստատվում են Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրական համակարգում տեղի ունեցող խոշոր փոփոխությունների, այդ թվում՝ ռեյտինգային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող տարվա ընթացքում:

«Այդ վերապահումների կարևորությունը նվազում է, եթե  քաղաքական ուժերի միջև այդ փոփոխությունների վերաբերյալ ձեռք բերված համաձայնություն կա»,- նշվում է հայտարարությունում:





© 2009 ARMENPRESS.am