Նիկոլ Փաշինյանը կարևորում է Սյունիքով թմրամիջոցների տարանցման ողնաշարը ջարդելը

18:50, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:  Սյունիքն արդյունաբերական խոշոր կենտրոն է, բացի այդ, այս մարզն Իրանին կապող միակ ճանապարհն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Երևանը Հայաստանի գլուխն է , ապա Սյունիքը՝ Հայաստանի, ողջ Հայաստանի, նույնիսկ՝ Արցախի ողնաշարն է: Սյունիքը չի սահմանափակվում մի քաղաքով կամ գյուղով: Ես կարծում եմ, որ Սյունիքի վերաբերյալ շատ հստակ դիրքորոշումներ պետք է արտահայտենք, թե ինչ ենք պատրաստվում անել և ինչ խնդիրներ եք լուծում: Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհը: Մենք ունենք երկու սահման` Վրաստանի և Իրանի հետ: Վրաստանի հետ մենք սահմանային ճանապարհ ունենք երեք մարզով, իսկ Իրանի հետ կապող միակ ճանապարհը Սյունիքի մարզն է : Դա մեկ պատճառ, որ Սյունիքը ստրատեգիական նշանակություն ունի»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Սյունիքը Հայաստանի համար ունի արդյունաբերական խոշոր նշանակություն: Վարչապետ պաշտոնակատարը ցավով նշեց, որ Սյունիքում շատ հաճախ արձանագրվում է թմրամիջոցների հոսք: «Դրա մի մասը դուրս է տարվում Հայաստանից` վտանգելով երկրի հեղինակությունը, մի մասն էլ մնում է այստեղ` վնասելով երիտասարդությանը: Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են գործում»,- ընդգծեց Փաշինյանն ու հավելեց` իր համար կարևորագույն խնդիր է  ջարդել թմրամիջոցների տարանցման ողնաշարը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am