Հայաստանում ներդրումներով հետաքրքրվողների թիվը բավականին մեծացել է

17:36, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարցով հետաքրքրվողների թիվը բավական մեծացել է, մանավանդ, սփյուռքահայերի շրջանում: Այդ մասին ասուլիսում նշեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Ընտրություններից առաջ ցանկացած երկրում միշտ լինում է սպասողական վիճակ, ինչն օբյեկտիվ իրականություն է: Յուրաքանչյուր ներդրող էլ սպասում է ընտրությունների արդյունքներին: Ներկա դրությամբ՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու շուրջ հետաքրքրվողների քանակը բավականին մեծացել է, մանավանդ, սփյուռքահայերի շրջանում, սակայն մինչև հետաքրքրությունները վերածվում են ներդրումների՝ այդ գործընթացը տևում է մոտ 6 ամիս: Դեռևս թվեր չենք հնչեցնում, քանի որ դրանք դեռևս իրականություն չեն դարձել և շոշափելի չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ավակյանը:

Նրա խոսքով՝ «Բիզնես Արմենիան» թիրախավորել է ներդրումների ներգրավման 12 պետություն և չորս ոլորտ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և դեղագործություն:

Ըստ նրա ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտը ևս հետաքրքրություն է ներկայացնում և մեծ ներուժ է ունի արտերկրից ներդրումների ներգրավման համար:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հավելեց, որ  Հայաստանից արտահանումն այժմ բարձր տեմպերով աճում է, ինչն ուղիղ ազդում է ՀՆԱ-ի աճի վրա:

 


© 2009 ARMENPRESS.am