Վրաստանը ԱՀԿ-ի փորձագետներ կհրավիրի՝ ուսումնասիրելու Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիան

13:19, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները որոշել են դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Թբիլիսիի մերձակա Ռիչարդ Լուգարի անվան Վրաստանի հանրային առողջության հետազոտական կենտրոն եւ ուսումնասիրել դրա աշխատանքը: Հոկտեմբերի 19-ին Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Վրաստանի փախստականների գործերի, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոտ օրերս մենք կդիմենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ փորձագետների պատվիրակություն կազմելու եւ Վրաստան ուղարկելու խնդրանքով, որի կազմում, եթե լինի Ռուսաստանի ցանկությունը, ընդգրկվեն նաեւ ռուսաստանցի մասնագետներ,- ասել Է նախարարը:- Հուսով ենք, որ ԱՀԿ-ի մասնագետների եւ փորձագետների պատվիրակությունը տեղում հիմնավորապես կուսումնասիրի ամենը, ինչ կապված Է այդ կենտրոնի գործունեության հետ, եւ պաշտոնական եզրակացություն կպատրաստի այդ հարցի վերաբերյալ»: Ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հերքել Է, որ լաբորատորիան մասնակցում Է կենսաբանական զենքի մշակման ծրագրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am