Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը հայտնել է սպորտի նախարարի պաշտոնակատարի հետ հնարավոր հանդիպման մասին

17:08, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը  հայտնել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ հնարավոր հանդիպման մասին և նշել, որ այն նվիրված է լինելու «առկա խնդիրների քննարկմանը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է արել Գևորգյանը:

«ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց, և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները: Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը: Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ, ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը: Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և, վերջապես, հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար»,- գրել է Գևորգյանը:

Ըստ նրա՝ ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ հուզական պահանջների և սաբոտաժի միջոցով:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվել ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության:


© 2009 ARMENPRESS.am