Մարտական հերթապահության ընթացքում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ. ոստիկանության պարզաբանումը

14:15, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ, թե ոստիկանության զորքերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից: «Արմենպրես»-ը, ներկայացնում է ոստիկանության տարածած պարզաբանումը. 

««Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից:
Հայտնում ենք, որ մարտական հերթապահություն իրականցնելու ժամանակահատվածում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ, պետական սահմանի պաշտպանությանը մեկնող ստորաբաժանումները կազմավորվում են բացառապես կամավորության սկզբունքով, իսկ մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում ու զինվորական պարտքի բարձր գիտակցությամբ:
Հավելենք նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում ոստիկանության զորքերը համալրվել են մի քանի տասնյակ զինծառայողներով, իսկ շուրջ երկու տասնյակ դիմումներ քննարկման փուլում են»:


© 2009 ARMENPRESS.am