Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի փոխվարչապետի հետ

08:59, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Կամբոջայի Թագավորության փոխվարչապետ Հոր Նամհոնգի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա սերտ համագործակցությունը, որը լավ հիմք է երկկողմ օրակարգի առաջմղման համար: Այդ առումով որպես առաջնային քայլ զրուցակիցներն ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և այդ առումով լիարժեք կիրառվում են բազմակողմ ձևաչափերի ընձեռած հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպությունը՝ որպես լավ հարթակ անդամ պետությունների միջև կապերի առավել ամրապնդման համար: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքային ծրագրի, ներկայացվելիք փաստաթղթերի, ինչպես նաև հարակից միջոցառումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանը իր զրուցակցին ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:


© 2009 ARMENPRESS.am