Պաշտպանության նախարարը հետևել է հայ-ռուսական համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին

18:40, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, հետևել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի  (ուժերի) միացյալ  խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է զորավարժության հրամանատարության զեկույցները զորավարժության մտահաղացման, սցենարի, փուլերի, նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին, առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել որոշակի ճշտումներ:

Դավիթ Տոնոյանը հետևել է պայմանական հակառակորդի ոչնչացման ուղղությամբ զորավարժության սցենարով խաղարկվող մասնակից ստորաբաժանումների ուսումնական գործողություններին: Ներգրավված մեծաքանակ ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված խնդիրները:

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի  (ուժերի) միացյալ  խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների  ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ:

Զորավարժության հերթական փուլի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, դիտարկել զորամասում ընթացող շինարարական աշխատանքները:  


© 2009 ARMENPRESS.am