ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները
14:44, 10 Հոկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, ով դատապարտվել էր ազատազրկման խարդախության մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը, նրա հարազատներին մերժել էին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հայցը, սակայն պաշտպանական կողմը համապատասխան որոշումը բողոքարկելով կարողացել է չեղարկել այն:
Այժմ փաստաբանները հուսով են, որ նախաքննական մարմինը կուսումնասիրի Հայրապետյանի թունավորման վարկածը, քանի որ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը:
«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան եղբորը՝ Վլադիմիր Հայրապետյանին, և ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին ու հայտնել, որ իրեն թունավորել են», - ասել է Հայրապետյանի պաշտպան Կարեն Ներսեսյանը:
Նրա խոսքով` Հայրապետյանն ասել էր, որ երկար չի ապրի և հորդորել էր իրեն հուղարկավորել առանց դատաբժշկական փորձաքննության։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները արձանագրել էին, որ Հայրապետյանի մահը սրտային անբավարարության հետևանք է եղել:
Լևոն Հայրապետյանը մահացել էր քրեակատարողական հիմնարկում 2017 թվականի հոկտեմբերի 18-ին:
© 2009 ARMENPRESS.am