Եթե պատգամավորների վրա ճնշում եղել է, ապա միայն ժողովրդական.Նիկոլ Փաշինյան

14:23, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը և արձագանքեցին: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի որոշ պատգամավորների՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: 

«Ես ուրախ եմ, որ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը, անհրաժեշտ արձագանք տվեցին: Իմ ցանկությունն այն է, որ երկրում լարվածություն չլինի, իմ գործընկերներին ասել եմ, որ չարժե ներքաղաքական վիճակը լարել: Կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք պատգամավորների վրա ճնշում եղել է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե եղել է, ապա դա ժողովրդական ճնշում էր:

«Ազգային ժողովի շատ պատգամավորներ իրենց բարեկամների, հարևանների, երբեմն նույնիսկ ընտանիքի անդամների ճնշման ներքո են, և նրանք, կարծում եմ, առաջին հերթին իրենց շրջապատի ճնշմանն են արձագանքել»,-շեշտեց վարչապետը:

Խոսելով խորհրդարանը ցրելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս պահին գոյություն ունեցող սցենարը հետևյալն է՝ վարչապետը հրաժարական կտա, քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրի, երկու անգամ վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը կլուծարվի:

Հարցին՝ երբ է պատրաստվում հրաժարական ներկայացնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա հաշվարկի հարց է:


© 2009 ARMENPRESS.am