Հայաստանը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17- րդ գագաթնաժողովին. Նիկոլ Փաշինյան

13:30, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ մեր հայրենակիցները լավ կընդունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևան ժամանող արտերկրի հյուրերին: «Բազմիցս արձանագրվել է, որ սա մեր երկրի Երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբային իրադարձություն է և առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք պետք է բարձր մակարդակով անցկացնենք այս միջոցառումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց նաև, որ մեր հայրենակիցները լավ կընդունեն և անհրաժեշտության դեպքում կաջակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր հյուրերին: 

Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մայրաքաղաքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար և արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

 


© 2009 ARMENPRESS.am