Զապորոժիե քաղաքում հանդիսավորությամբ բացվել է հայոց այբուբենին նվիրված հուշարձան

10:11, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ analitikaua.net-ը տեղեկացնում է, որ  բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Զապորոժիեի մարզպետ Կոնստանտին Բրիլը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Զապորոժիեի շրջանի հայերի միության  Արտաշես Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, այն Հայաստանից դուրս ամենախոշոր հուշարձաններից է՝ նվիրված հայոց այբուբենին:

«Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից, շնորհավորում եմ հայ մշակույթի կարևոր և վառ խորհրդանիշերից մեկի բացման արարողության առթիվ, որն իր տեսակով միակն է Ուկրաինայի տարածքում: Զապորոժիե համայնքն իր աշխատանքով բարձր նշաձող է սահմանում և այս միջոցառումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Հովակիմ Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am