Իմ տպավորությամբ՝ բոլորն ընկալեցին ուղերձը, որ արտահերթ խորհրդանական ընտրությունների անցկացումը համաժողովրդական պահանջ է. Նիկոլ Փաշինյան

01:44, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիներին ներկայացրեց Ազգային ժողովի խմբակցությունների հետ բանակցությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանակցությունների ավարտից հետո վարչապետ Փաշինյանը հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունեցավ: «Այսօր ցույց տվեցինք, որ արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ են, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ կգնան այդ քաղաքական պահանջին, ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին: Իմ տպավորությամբ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների մեր գործընկերների կողմից այս ուղերձն ընկալված է»,- ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցությունների ժամանակ ասել է, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որը հարկավոր է հաղթահարել: «ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասացին, որ մենք այս ճգնաժամը պետք է հաղթահարենք այնպես, որ մեր երկիրը դուրս գա այս ամենից: Ես ասացի, որ դրա տարբերակը հետևյալն է՝ ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, և ես ակնկալում եմ, որպեսզի ՀՀԿ-ն և խորհրդարանն ավելի չգրգռեն մարդկանց, եթե ես հրաժարական տամ: Ես ասել եմ՝ կարծում եմ, որ մենք պետք է ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, որից հետո երկրորդ անգամ էլ վարչապետի թեկնածու ԱԺ պատգամավորների 1/3-ը  չի առաջադրի, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե,  ասացին, որ, ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը: Նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից իրենք չեն պատրաստվում ոչ առաջին,  ոչ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու»,- մանրամասնեց Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ներկայացնում է իրենց ունեցած խոսակցությունը՝ շեշտելով՝ եթե սխալ է հասկացել, մյուս ուժերնյ իրենց առաջիկա հարցազրույցներում կարող են պարզաբանումներ ներկայացնել:

Վարչապետը նաև շեշտեց, որ քննարկման ընթացքում հարց է հնչել, թե որն է հիմնավորումը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան որքան հնարավոր է շուտ: «Ես ասացի, որ ամենագլխավոր պատճառն այն է, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է օր առաջ, րոպե առաջ հանգուցալուծվի:  Այդ ճգնաժամի էությունը հետևյալն է, որ երկրում առկա է Ազգային ժողով, որը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին, չի ներկայացնում քաղաքացիներին: Հետևաբար,  այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա, այդ տարբերակն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է»,- շեշտեց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am