Բաղրամյան պողոտայում քաղաքացիներն իրենց կամքն են արտահայտում, հավաքն օրենքի սահմաններում է. ՀՀ ոստիկանապետ

20:56, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նորմալ է գնահատում այն իրավիճակը, որ Երևանի Բաղրամյան պողոտան և Պռոշյան փողոցը շրջափակման մեջ են քաղաքացիների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետն ընդգծեց, որ քաղաքացիներն արտահայտում են իրենց կամքը:

«Բոլոր տեղերում ոստիկանական վերակարգեր կան, ես ինքս շրջագայել եմ տարածքում: Ուղղակի անհանգիստ էի, որովհետև ասացին, որ բազմություն է հավաքվել: Ես որոշեցի անձամբ ծանոթանալ իրավիճակին: Երբ եկա, տեսա, որ Բաղրամյան 26-ի դարպասներն էլ են բաց, ներս մտա ու համոզվեցի, որ ամեն ինչ նորմալ է: Իմ` այստեղ գտնվելու նպատակը միայն պայմանավորված է հասարակական կարգն ապահովելու հանգամանքով»,- նշեց ՀՀ ոստիկանության պետը:

Հարցին, թե ոստիկանությունը տեղեկություններ ունի, թե որքա՞ն մարդ է այս պահին հավաքվել Բաղրամյան պողոտայում, ՀՀ ոստիկանության պետն ընդգծեց, որ այս պահին հստակ թիվ չի կարող ասել: «Հիմա ինձ կզեկուցեն, բայց խոսքը հազարավոր քաղաքացիների մասին է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին` ոստիկանությունը քայլեր ձեռնարկելո՞ւ է շրջափակված փողոցների երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովի շենք ելքն ու մուտքն ապահովելու ուղղությամբ` ՀՀ ոստիկանության պետը պատասխանեց. «Այս պահին բացատրական աշխատանքներ են տանում ոստիկանները, բայց քաղաքացիները կարգ չեն խախտում, հավաքն օրենքի սահմաններում է»:

 


© 2009 ARMENPRESS.am