Էդմոն Մարուքյանն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու նախագիծը համարում է խորհրդարանը ցրելը կանխելու փորձ

12:20, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է համարում «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հերթական նիստում:

«Վարչապետի հրաժարականի պարագայում, եթե 2 անգամ չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը պետք է  իրավունքի ուժով արձակվի: Այս նախագծի բնույթը բացահայտված է, ուզում են  փոփոխություն անել, որ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, ապա նախագահողը նիստը համարելու է ընդհատված: Սրանով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու գործընթացը, որի արդյունքում խորհրդարանը պետք  է իրավունքի ուժով արձակվեր»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց՝  նախագիծը նրանց առջև դրած խնդիրը չի լուծում, քանի որ,  ըստ Սահմանադրության, եթե 14 -օրյա ժամկետում վարչապետը չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է: «Հետևաբար, այս նախաձեռնությունը բերվել է, որ կանխվի այդ ընթացակարգը: ԵԼՔ-ը դեմ է  քվեարկում նախագծին» ,-նշեց Մարուքյանը:

Հոկտեմբերի 1-ին ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում  «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն առաջարկեց, որ եթե ԱԺ պատգամավորն իր կամքից անկախ հնարավորություն չի ունենում մասնակցել նիստին, ինչը առաջացնում է  նիստի իրավազորության խնդիր, այդ պահից նիստը պիտի համարվի ընդհատած՝ մինչ խոչընդոտող հանգամանքները վերանան: ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը խնդիր չտեսավ դրույթն առաջարկվող նախագծում ներառելու համար:


© 2009 ARMENPRESS.am