Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս ինձ. Ճապոնացի դաշնակահարը Երևանում կատարեց Վարդապետի ստեղծագործությունները

11:23, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնացի դաշնակահար Կեյ Սաոտոմեն «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում  հանդես եկավ մենահամերգով: Նա կատարեց Կոմիտասի «Յոթ պար» դաշնամուրային ստեղծագործությունը,  Մոցարտի, Վերդիի, Լիստի, Շոպենի, Դեբյուսի և Գագիկ Հովունցի  գործերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդապետի 149-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիրն անցկացվեց  հոկտեմբերի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 

[gallery id= 61394]

Կեյ Սաոտոմեի խոսքով՝ իրեն շատ հոգեհարազատ է հայկական մշակույթը և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:  

«Անչափ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ելույթ ունենալու Հայաստանում: Երբ իմացա նախաձեռնության մասին, մեծ խանդավառությամբ ընդունեցի համաժողովին մասնակցելու հրավերը և շատ կարճ ժամանակում պատրաստեցի կոմիտասյան ստեղծագործությունները: Կոմիտաս ուսումնասիրելով` ես բացահայտեցի ինձ համար նոր աշխարհ, նոր զգացումներ: Երբ նոտաները ուղարկեցին և ուսումնասիրեցի, միանգամից հոգեհարազատ  դարձան, և այսօր առաջին անգամ կատարեցի  այստեղ: Հայկական հողի վրա  առաջին քայլը դնելուց հետո զգացի ջերմություն, որը չեմ կարող  բացատրել ոչ մի խոսքով, բայց շատ զգացմունքային ժողովուրդ են հայերը, և առաջին իսկ պահից զգացի Հայաստանի  վառ գույները: Չեմ կարող նույնիսկ բառեր գտնել: Տպավորություն է`  շատ եմ եղել այստեղ: Իսկ Կոմիտաս այնպես եմ նվագում, կարծես` Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս: Զգում եմ այդ կապը Կոմիտասի հետ»,-նշեց դաշնակահարուհին:

«Կոմիտաս» միջազգային փառատոնի համերգային մասում ներկայացված են չորս երկրներ: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից  Ճապոնիայից։ Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից:  Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:

 


© 2009 ARMENPRESS.am