Բրոդվեյի հայտնի մյուզիքլների հերոսները կենդանացան Մայր թատրոնի բեմում
22:00, 1 Հոկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, «Հայ ֆեստ-2018» միջազգային թատերական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 1-ին ներկայացրեց «Բրոդվեյյան հիթեր» ներկայացում-համերգը՝ վերաստեղծվելով տեսարաններ այնպիսի հանրահայտ մյուզիքլներից, ինչպիսիք են` «Չիկագոն», «Քաղցր Չարիթին», «Միսս Սայգոնը», «Կորդեբալետը»-ը։
[gallery id= 61393]«Ներկայացումը ցուցադրվում է փառատոնի Սանկտ Պետերբուրգյան մշակութային ծրագրի շրջանակում: Կարծում եմ` այն այնքան էլ փառատոնային գործ չէ. բրոդվեյյան որակի շքեղ բեմադրություն է, որն իրարանցում կառաջացնի բեմում, և վստահ եմ, որ հանդիսատեսը հիացած կմնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայ ֆեստ»-ի հիմնադիր տնօրեն Արթուր Ղուկասյանը:
Մշակութային ծրագրի ղեկավար Վիկտոր Մինկովի խոսքով` Սանկտ Պետերբուրգը Երևանի հետ ունի տնտեսական, մշակութային կապեր:
«Մեր երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Ռուսաստանի լավագույն թատրոններից է, որը շատ հաճախ է հյուրախաղերի մեկնում, հրաշալի ներկայացումներ ունի և ստանում է ամենաբարձր գնահատականները: Հենց այդ պատճառով այս թատրոնն է հանդես գալիս Հայաստանում` ցուցադրելով լավագույն ներկայացումներից մեկը, որտեղ ընդգրկված են հրաշալի արտիստներ»,- նշեց նա` ընդգծելով, որ մշակույթը միավորում է երկու երկրներին, և այն լավագույն դիվանագիտությունն է:
Թատրոնի գլխավոր տնօրեն Յուրի Շվարցկոպֆը սեր խոստովանեց Հայաստանին ու շեշտեց, որ բավականին անհանգիստ են, քանի որ ելույթ են ունենալու Մայր թատրոնում: «Մեզ համար պատիվ է, որ Սանկտ Պետերբուրգը մեր թատրոնն է ընտրել այս տոնական օրերին այստեղ ներկայանալու համար»,- ասաց նա:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Ալեքսեյ Նեֆյոդովը նշեց, որ ընտրել են այդ ներկայացումը, քանի որ բեմադրության մեջ զբաղված են թատրոնի բոլոր աստղերը:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալում է 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի` Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից և այլ երկրներից: Երևանյան 13 բեմահարթակում կցուցադրվի 40 ներկայացում:
16-րդ «Հայ ֆեստ»-ը անցկացվում է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: Այն կրում է «Հայ ֆեստ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին: 2006 թվականից այն գլխավոր թատերական փառատոնն է համարվում նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ` Մոսկվայի):
© 2009 ARMENPRESS.am