20-րդ դարի լավագույն կատարողներից մեկի հեռանալը հսկայական կորուստ է մեզ բոլորիս համար. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան

18:21, 1 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր Դեսպան Սերգեյ Կոպիրկինը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, Կոպիրկինը մասնավորապես նշել է.

«Հայաստանում Ռուսաստանի Դեսպանատան և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում աշխարհահռչակ կոմպոզիտոր, դերասան, դիվանագետ, հասարակական գործիչ և ուղղակի մեծատառով Մարդ` Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: 
20-րդ դարի լավագույն էստրադային կատարողներից մեկի հեռանալը կյանքից հսկայական կորուստ է ոչ միայն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այլև` մեզ բոլորիս համար:
Այս ցավալի օրը ցանկանում ենք փոխանցել Մեծն շանսոնյեի հարազատներին և մտերիմներին կարեկցանքի և աջակցության խոսքեր: Շառլ Ազնավուրի վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

 


© 2009 ARMENPRESS.am