Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

11:02, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ  պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարը պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Կողմերը պատրաստակամություն են  հայտնել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։ Մտքեր  են փոխանակել առևտրատնտեսական, Հայաստանի զարգացման օրակարգի, հատկապես՝ վերջինիս շարժիչ ուժ դիտարկվող նորարարական և գիտակրթական ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:


© 2009 ARMENPRESS.am