Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

10:58, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորել է տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել առտևրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Դամդին Ցոգթբաաթարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը»:

Կողմերը վստահություն հայտնել, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջև շփումներ ակտիվացնելու համար:


© 2009 ARMENPRESS.am